Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց և այսօր քննարկելու է ԱԺ վեցերորդ գումարման խորհրդարանում ինքնաբացարկի՝մանդատից հրաժարվելու դիմումները, որից հետո կսկսի գրանցել պատգամավորներին ու մի արևոտ օր էլ մանդատները կտա: «Ելք»-ից ինքնաբացարկ չի եղել: ՀՅԴ-ն ներկայացրել է Դավիթ Լոքյանի, Լևոն Մկրտչյանի, Արծվիկ Մինասյանի անունները: Համարեք նրանց նախարարներ, գուցե ոչ այն նախարարությունների, որ հիմա են ղեկավարում, բայց կարևորը ոլորտը չէ, այլ՝ պորտֆելը: «Ծառուկյան» դաշինքից Բաղրամյան 19 չեն գնա Արարատ Զուրաբյանը (և ինչո՞ւ են բոլորը ՀՀՇ-ին գցում) և 22 պատգամավորի թեկնածուներ՝ Արթուր Մանուկյանը, Սամվել Ադամյանը, Սերգեյ Բագրատյանը, Վազգեն Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը (ասում են՝ շատ տկար է), Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մանուկ Սուքիասյանը, Լյովա Խաչատրյանը (կկենտրոնանա հայրենակցական գործերի վրա), Խաչիկ Մանուկյանը, Արմեն Ավետիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը (ի սկզբանե պարզ էր, որ նա պատգամավոր չի լինելու), Արթուր Մամոյանը, Ալիկ Եղիկյանը, Արման Աբովյանը, Արտյոմ Ծառուկյանը (երկու Ծառուկյան մեկ ԱԺ-ին շատ ու շատ է), Մարգարիտա Հովսեփյանը, Նարինե Առաքելյանը, Արայիկ Կեսոյանը, Կարեն Առաքելյանը, Սամվել Ալեքսանյանը (Լֆիկը լրիվ հերիք է երկու խմբակցություններին էլ):
Փաստացի ԲՀԿ-ի ցուցակում սենսացիաներ չկան ու նոր խորհրդարանում ամեն ինչ կընթանա հայտնի ու կանխատեսելի սցենարով: Սենսացիաներ չկան, կանխատեսելի էր և ՀՀԿ-ի ինքնաբացարկվողների ցուցակը՝ ԱԺ չեն գնա Վիգեն Սարգսյանն ու Արմեն Ամիրյանը, նրանք կմնան կառավարությունում, Տարոն Մարգարյանին համարում են ընտրված քաղաքապետ՝ նա ևս մանդատը վայր կդնի, Արտակ Զաքարյանը արդեն պաշտպանության փոխնախարար է հայտարարված, Արման Սահակյանը մանդատը վայր է դնում հանուն հայրիկի՝ երկու Սահակյան մեկ խորհրդարանում շատ համարվելու պարագայում, Վահե Հակոբյանը դեռ կմնա Սյունիքի մարզպետ, Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը, Առուշ Առուշանյանը կգնան այլ պաշտոնների:
Մինչև շաբաթվա վերջ կարող է հայտարարվել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին՝ թերևս պահելով նախարարական պորտֆելների ու այլ պաշտոնների ինտրիգը՝ խաղը պիտի մինչև վերջ խաղացվի: Վարչապետ Կարեն Կարապետյանը ոմանց դեպքում դրայվով, ոմանց դեպքում ատամները սեղմած՝ կներկայացնի նոր կառավարության նախարարներին, բայց երկրորդ անգամ էլ չի ունենա իր ցանկացած թիմը: Նրան միայն մասամբ կհաջողվի ազատվել այն նախարարներից, որոնց հետ չի ուզում աշխատել: Դավիթ Հարությունյանը, օրինակ, հանկարծ կարող է դիվանագետ դառնալ: Գլխավոր ինտրիգը, իհարկե, ԱԺ նախագահի ու փոխնախագահների հարցն է: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վերադառնում է խորհրդարան՝ նրան և պետաիրավական հանձնաժողովի նախագահ են «նշանակում», և ԱԺ փոխնախագահ՝ փաստացի նա ոչ Հովիկ Աբրահամյանի, ոչ Կարեն Կարապետյանի կադրը չէր ու չէ՝ նա Սերժ Սարգսյանի իսկական կադրն է, որ անցումային մեկ տարում պիտի լինի ԱԺ-ում՝ նախագահին հավատարիմների «կուռ» շարքերում: Հազիվ թե, սակայն, Կարեն Կարապետյանը, ինչպես Հովիկ Աբրահամյանը, կորստի զգացողություն ունենան՝ չունեցածը չեն կորցնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մի ամիս, անձրևի տակ ու արևի, խզված ձայնով՝ ա՞յս հեռանկարի համար էր առաջընթաց ու անվտանգություն քարոզում վարչապետ Կարեն Կարապետյանը: Ոչ կառավարությունն է իր թիմը, ոչ խորհրդարանում է որոշումների ընդունման վրա ազդեցություն ունեցող թիմ ունենալու: Հույսը մնում են միլիարդները՝ կգան, լավ, չեն գա՝ լավ: Քաղաքապետից հետո վարչապետ լինելն էլ վատ արկած չէր՝ հիշելու համար մայրամուտին: